Սիրող քաղաքի մասին

Պատումը՝ Արփի Սահակյանի

Ողջույն, Ա՛զգ: Կյանքում էսքան ժպտացած չկամ, էսքան ժպիտ մի տեղում տեսած չկամ, էսքան ջիգյարով մարդ, էսքան հավեսով ժողովուրդ… Արթնացա՜նք:
Մինչև էս դեպքերը, քաղաք դուրս գալս չէր գալիս, տանը նստեիր ու մի բանով զբաղվեիր… Մարդիկ են, էլի, հա էլ կքայլեն փողոցներով, ո՞վ են որ: Իսկ հիմա, ամեն քայլափոխիդ ժպտում են… Քայլում ես, մեկ էլ թե բա՝ շնորհավոր: Հա, մի բառ ա իրականում, բայց իրենք էդ մի բառը էնքան սիրով ու ուրախությամբ են ասում: Մետրոն թնդում էր.. ամեն վագոնում գոռում էինք՝ հաղթանա՜կ, ազատ, անկախ Հայաստան, ամբողջ քաղաքը գոռում էր, ցնծում, «տիդիտ» տալիս… էն, որ սրանից ուրախ էլ չեմ պատկերացնում՝ ոնց ա լինում:


 

Ո՞նց իմացանք լուրը: Կանգնած էինք հանրապետության հրապարակում, քայլում էինք աջից-ձախ, լիքը ժողովուրդ կար, ու բոլորը ժպտում էին: Մեկ էլ 2 տղամարդ, ձեռները բաց արած, գոռում են կողքներովս: Սկզբից բան չհասկացանք, մեկ էլ մի երիտասարդ, ձենը գլուխը գցած, գոռում ա ամբողջ ազգի մոտ.
-Հաղթե՜լ ենք, ազգ… Հրաժարական ա տվել, չեբուրաշկեն հրաժարվել ա՜:

Բոլորը ուրախությունից գոռում էին, իրար գրկում, իրար վրա ջուր լցնում, ստեղից ընդեղ գնում, դե «տիդիտները» չէին դադարում, մարդիկ իրար գրկում էին, շնորհավորում, ու կապ չունի՝ ծանոթ են, թե չէ՝ իրար են գրկում: Ծափ էինք տալիս, իրար հետ դրոշ էինք օդում թափ տալիս… պարում էինք,երգում:

***

Սկզբից, որ գնում էի էնտեղ, ճանապարհս մուգ դեմքերով էր անցնում, բոլորը մի տեսակ էնպիսի դեմք էին ընդունում, ասես իրենց ամեն ինչ մեկ է, չեն հուզում իրենց ոչ իրենց պարտքերը, ոչ երկրի վիճակը… Հետո հենց հասնում էի՝ մեկ էլ տեսնեմ, պայքարող մարդիկ ժպտում են: Հա, բա էլ ի՞նչ ունեն տխրելու: Պայքար ունեն:

Ասենք էնտեղ մի մասսա չէր հավաքվում, է՜, մի քանի մասսա, բայց ոչ մեկ ոչ մեկի չէր նեղացնում, ոչ մեկ չէր գողանում, բոլորը պայքարում էին, սիրում, կատակում: Պայքարում իրար համար: Էսքան ժամանակ չեմ սիրել էն շատ «քյարթ» մասսային, բայց էնտեղ իրար հետ հաց ենք կիսել, ջուր խմել, պարել, երգել ուրախացել:

***

Էսօր կանգնած էի կանգառում, մեկ էլ մի ավտոբուս եկավ, կանգնեց… էդ դիմացի մասում լիքը վարդեր էին դրված, ու էդ տղաներից մեկը գոռում ա. «Շնորհավոր, Հայե՜ր, մոտեցեք, էս վարդերը ձեզ բոլորիդ համար ա», ու մարդիկ մոտենում էին, ինքն էլ խելոք ձեռքը մեկնում, վարդ նվիրում:

Ուրիշ ավտոբուս, բան չկար, միայն մի քանի տաքսի, ու դե ժողովրդի մեքենաները՝  տիդիտ տալով ու գոռալով անցնում էին:
Հետո մի մեքենա մոտեցավ.
-Դավիթաշեն գնացող կա՞, նստեք, կտանեմ… տեսեք՝ քանի հոգով կտեղավորվեք:

Դրանից հետո էլի մի քանի մեքենա մոտեցան. երկուսը գնում էին Բանգլադեշ, մեկը՝ Չարբախ, երկուսն էլ չեմ հիշում: Տաքսի կանգնեցնելուց էլ մարդիկ ասում են.
-Ո՞վ ա գալիս, գնում եմ Լենինգրադյան: Ու ժողովուրդը լցվում ա:
***

Վերջում եկավ ինձ արդեն հարազատ 42-ը, որովհետև էս վերջերս Երրորդ մաս շատ եմ գնացել մետրոյի պատճառով, որ կանգնեմ ժողովրդիս կողքին: Նստեցի, ու բոլորը իրար ժպտացին ու շնորհավորեցին:

Երևանում մարդիկ փոխվել են, բոլորի հայացքներում սեր ու համերաշխություն ա: Բոլորը ժպտո՜ւմ են, ու ամբողջ քաղաքը շնորհավորում ա իրար էնպես, որ անգամ Նոր տարուն չեն շնորհավորել:

Ասենք՝ զգում եմ Երևանը… տո չէ՛, Հայաստանը աչքերը բացել ա: Աչքերը բացել, մեզ ա նայում հիացած: Ասում ա. «Էս ինչ լավն եք, իմ ժողովուրդ»: Բարի լույս, Հայե՛ր:

Հգ.1 Ու սենց դարձա Հայրենիք սիրող մարդ:

Հգ2Ու սաղ հեչ, ինչքան բան եղավ էս 10 օրվա ընթացքում, ինչքան բան փոխվեց, ինչքան մարդ պոկվեց տան հարմար բազմոցներից ու եկավ հասավ, կանգնեց ժողովրդի կողքին:

000.png

Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий